Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով. ՀՀ վարչապետ

Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով. ՀՀ վարչապետ
05.05.2014 | 13:36

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ մայիսի 4-ին այցելել է Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է համայնքների գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին՝ ծանոթացել նրանց հուզող խնդիրներին և պատասխանել հետաքրքրող տարբեր հարցերի:

Դիմելով գյուղացիներին՝ վարչապետը նշել է, որ ոլորտը զարգացնելու համար կառավարությունը գյուղատնտեսությունը սահմանել է գերակա ուղղություն: «Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով, գործով: Իհարկե, այդ ամենը ֆինանսական մեծ ռեսուրսներ են պահանջում, բայց որ հստակ քաղաքական կամք ենք դրսևորելու և գնալու ենք այդ քայլերին, փաստ է: Կառավարության անդամների մեծ մասը լինելու է գյուղերում, մարզերում, փորձելու է շփվել գյուղացիների հետ, հասկանալու՝ ինչպիսի խնդիրներ կան»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի խոսքով՝ կառավարության գործելաոճը «խոստում և իրականացում» սկզբունքի ներքո է լինելու: Կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղացին ևս պետք է ընդունի, որ առկա խնդիրների լուծման համար ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ: «Միաժամանակ, յուրաքանչյուր համայնք պետք է իմանա, թե հստակ ժամանակացույցով երբ է իրականացվելու տվյալ ծրագիրը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ֆինանսական ռեսուրսներ հայթայթենք՝ խնդիրներին լուծումներ տալու համար»,- նշել է վարչապետը:
Անդրադառնալով ցրտահարության պատճառած վնասներին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունն ամբողջությամբ փոխհատուցելու է ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկի, կիսով չափ՝ ոռոգման ջրի վարձը, իրականացվում են նաև վարկերի տոկոսադրույքների մարման ժամկետների երկարաձգման աշխատանքներ, պարարտանյութի, դիզվառելիքի և սերմացուի սուբսիդավորման ծրագրեր:
Խոսելով կառավարության առաջիկա ծրագրերի վերաբերյալ՝ վարչապետը նշել է, որ դրանք ուղղվելու են մարզերում կոոպերացիաների, ենթակառուցվածքների զարգացմանը: Քննարկվելու է գյուղացիներին երկար ժամկետայնությամբ և ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման ուղղությամբ ծրագրերի իրականացման հարցը:
Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքների բնակիչները վարչապետի հետ զրույցում բարձրացրել են նաև ամբուլատորիայի, ոռոգման ջրի համակարգի վերակառուցման և ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը խոստացել է քննարկել ներկայացված խնդիրները և գտնել համապատասխան լուծումներ:
Միաժամանակ, վարչապետը խոստացել է հանձնարարել կառավարության անդամներին՝ քննարկել խաղողի մթերման գնի բարձրացման հարցը վերամշակող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
Համայնքների բնակիչները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Դիտվել է՝ 2413

Մեկնաբանություններ